Thursday, April 22, 2010

Միջդպրոցական Խաղ- վիկտորինա

Ապրիլի վերջին Արմավիրի թեմի երիտասարդաց միությունը Մարզի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպել էին խաղ-վիկտորինա “Հայ եկեղեցու պատմություն” առարկայից: Խաղը տեղի ունեցավ Արմավիրի թիվ 5 միջն. դպրոցում:
Խաղին մասնակցում էին Արմավիր քաղաքի բոլոր միջնակարգ դպրոցների աշակերտները, բացառությամբ թիվ 6 միջն. դպրոցի: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով. Այնուհետև Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Կիրակոսյանը ողջունեց մասնակիցներին և տվեց իր օրհնությունը:
Ժյուրիի անդամներն էին Տ. Տաթև քնհ. Կիրակոսյանը, Արմավիրի թեմի ՔԴԿ պատասխանատու Ռուզաննա Հարությունյանը, Մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցներ Նաիռա Սարգսյանը և Արտակ Առաքելյանը, և Արմավիրի Երիտասարդականան կենտրոնի տնօրեն Արգամ Արշակյանը:

Առաջին պատվավոր տեղին արժանացավ Արմավիրի թիվ 8 միջն. դպրոցը, երկրորդ տեղում էր Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը և երրորդ տեղում Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 միջն. դպրոցը, որոնց թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից հանձնվեցին մրցանակներ:

Խաղ- վիկտորինայի հաջողության մասին է խոսում նաև այն որ Արմավիր քաղաքի հարակից գյուղերի դպրոցները նույնպես ցանկություն հայտեցին մասնակցել նման խաղ – վիկտորինայի: Այժմ Արմավիրի թեմի երիտասարդաց միությունը պատրաստվում է կազմակերպել նաև միջգյուղական վիկտորինա “Հայ եկեղեցու պատմություն” թեմայով:

Արմավիրի երիտասարդաց միություն

Wednesday, March 31, 2010

Սիրո Քամի

Դրսում ձմեռ է. ամբողջ փողոցները, տներն ու ծառերը պարուրվել են  ձմեռային հեքիաթով:  Քայլում եմ ձյան փաթիլներից թրջված մայթերի վրայով և հանկարծ սրտմաշուք կարոտից քաղցած սիրտս թրթռաց ու ես հիշեցի քեզ:
Սիրում եմ ձյունը,երբ այն իջնում է խոշոր փաթիլներով,ծանր ու հանդիսավոր և նստում է` վիթխարի ժանյակ հյուսելով երկրից մինչև երկինք, հորիզոնից` հորիզոն:
Նայում ես կյանքիդ անցած ճանապարհին, երբ ծանր են եղել թեթև փաթիլները, երբ ձյունը նստել է ոչ թե գլխիդ, այլ վշտամորմոք հոգուդ վրա, բոլոր տեսած ու չտեսած անուրջներիդ վրա: Ու թվացել է` ձյունն է մեղավորը, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներդ տանող ճամփաները: Բոլոր ձյուներից հետո և բոլոր ձյուներից ավելի սիրում եմ այս ձյունը`անդորրավետ, օրորուն ու վարարուն, որ իջնում է սև թարթիչներիս վրա:
Պղտոր հայացքիս առջև կարծես հայտնվեցիր դու ու լսեցիր շատ ծանոթ մեղեդին, որ դողում էր բարակ լուսնի արծաթազօծ շողերի նման, որի մելամաղձոտ հնչյունները լողում-անցնում էին թաղվելով ձմեռային գիշերվա խորհրդավոր խավարի մեջ: Պարտված դառը մտքերով և կարոտի արցունքներով լցված աչքերս հառեցի երկինք: Երկնքում էր լուսինը, որը լողալով ամպերի մեջ, կարծես ինչ-որ բան էր փնտրում, ինչպես որ ես`այս անսկիզբ ու անվերջ աշխարհում մենակ ու մոլոր քայլերով փնտրում եմ ու սպասում, բայց ինքս էլ չհասկանալով, թե ինչ կարելի է սպասել մոխրացած ու փոշիացած քո մասին երազներից:
Իսկ ինձ համար այդ սպիտակ հեքիաթը վերածվել է թախծի ու տխրության,որովհետև այնտեղ ես մենակ եմ…մենակ առանց քեզ, առանց քո ժպիտի, տաք ձեռքերի, որ ինձ համար խարույկ էին այս ցուրտ աշխարհում: Ու՞ր ես սիրելիս, ինձ ասա խնդրում եմ քեզ… Ասա, թե որտեղ փնտրեմ քեզ… Չգիտեմ ինչպես դարձար ինձ համար հարազատ մի մարդ ում ես ցանկացա տեսնել իմ փշրված ու թոշնած հոգու կենդանի արտացոլանքը: Վերադարձիր, խնդրում եմ, մի լքիր ինձ, մի թող մենակ այս աշխարհում: Արի… Արի քանի դեռ կամ, ապրում եմ, քանի դեռ իմ վիրավոր սրտում չեն մեռել կյանքի զարկերը, որոնք կան միայն քո սիրո համար:
Ձմեռ է, ցուրտ է, բայց ես չեմ մրսում: Անբողջ մարմինս անզգայության նիրհով է պատվել: Մեղմ ձյուն է գալիս, ասես հանդարտ իջնում է իմ սրտի վրա: Ձյունափոշին հալվում է կամաց ու խառնվում բաժանման ցավից ծնված իմ արցունքներին: Ես չհասկացա, թե ինչու՞ սիրո վերքերից չապաքինված սիրտս կոտրեցիր: Սպեղանի է փնտրում,ավաղ թույն գտա: Թեթև ու հեշտ էր մեր բաժանումը, բայց հանդիպումը, որի հնարավորությունը կասկածում եմ, ինչպես միշտ կասկածել եմ անկեղծությանդ, կլինի շատ ծանր ու դժվար: Այս ցուրտ, մշուշոտ անորոշության մեջ չգիտեմ ու՞ր գնամ և ու՞ր թափառեմ, ո՞ր հեռուներում վիշտս ամոքեմ, երբ աչքերս իմ կամքից անկախ անցած ճամփադ են շարունակ փնտրում:
Կորած արահետով քեզ մոտ եմ գալիս, որ ասեմ` ինչ օտար ու սառն է երկիրն առանց քեզ: Իմ շուրջը կրակներ են, որոնք ինձ չեն կարող ջերմացնել, որովհետև իմ արևը վառվում էր քեզ համար: Ու հիմա էլ, երբ արցունքիս վերջին կաթիլը կեղեքում է հոգիս, ես դառնությամբ շունչ եմ քաշում ու արհամարհում հոգուս ճիչը: Իսկ հիմա ինձ թվում է, թե արցունքի փոխարեն արյուն է հոսում աչքերիցս ու սրտիցս: Ես հոգնած քայլում եմ օտար մարդկանցով լեցուն փողոցներով ու հարցականներ բաժանում հայացքովս: Ես ցավում եմ, ես բողոքում եմ, ես հեռանում եմ ինքս ինձանից…ես  մոռանում եմ ինքս ինձ, ես, ես օտար եմ ինքս ինձ: ամեն մի օր առանց քեզ իմ մեջ դատարկություն է թողնում և լցնում ցավով: Ժպտա ինձ, որ միջիս սևն ու սպիտակը գեթ մեկ վայրկյան շողան գույներով, գարունով, սիրով… Խոսիր ինձ հետ, որ մոռանամ, որ չվախենամ,նայիր աչքերիս, որ հավատամ բարուն ու լուսավորին: Օգնիր ինձ, որ չսովորեմ ատել, արհամարհել, լռիր, որ քո լռության մեջ կարդամ այն,ինչ կիսատ է ու անհաս… Հրաժեշտի փոխարեն քեզ տալիս եմ մի ժպիտ, որ մեկ վայրկյանով ջերմացնեմ հոգիդ, հետո չքվեմ գիշերվա երազի պես…
Ձյունը ծածկել է ծանոթ ոտնահետքերդ, ինչպես վարագույր, որն անթափանց է աչքերիդ նման: Տարին վերջացավ` թողնելով մոտիկ ու հեռու իմ ապագային մի սպի, չգիտեն ինչու, ինչ իրավունքով: Բայց ես հպարտ եմ, որ իմ շուրթերից դու չլսեցիր ոչ մի խոստովանություն: Չեմ հասկանում, թե ինչու կյանքն ինձ միայն շռայլորեն վիշտ է պարգևում, կարոտ ու կսկիծ, որ շշուկ դարձած համրացել են շուրթերիս`բառեր չունեցող մի երգի նման:
Անտարբեր ու մտամոլոր հայացքս չեմ կարողանում կտրել երկնքից,որի անհունում դեգերում է մի հարցական. Մի դաժան <<ինչու>>:
Օրերիս մեջ ես պրպտում եմ քարացած մի հարցի պատասխան, որ դրոշմվել է սրտիս,հոգուս մութ անկյունում: “Սիրում եմ քեզ, թե ոչ”: Գիշեր ու զօր սիրո ծովում կարծես քեզ եմ անվերջ փնտրում, գիշերային մութ երկնքում քո աչքերն են ինձ մեղմ ժպտում: Աչքերիս դեմ երկինքն է մութ և չկա քո ժպիտը լուռ,աչքերդ
խոր են, ձայնդ` թովիչ: Միայն մի մութ աստղ հեռվում, ինձ նայում է ու լուռ ժպտում, մեզ երկուսիս իր մոտ է կանչում ու հանդիպում կազմակերպում; Մեր հայացքներն են հանդիպում, աստղին են նայում ու լուռ զրուցում,հետո թողնում ու հեռանում: Սերն ինձ համար պատիժ է դարձել…
Քո լուռ հայացքի մեջ մի անորոշություն կար, քո լուռ հայացքի մեջ ինչ-ոչ թախիծ ու մռայլություն կար, իսկ թե ինչու էր այդպես, ինքս էլ չէի հասկանում: Մռայլություններից կազմված իմ կյանքի անգույն այգում ծաղկեցիր դու: Չեմ ուզում ընդունել, որ դու էլ չկաս, որ գոյությունդ լոկ թղթին մնացած բառերիդ մեջ է: Գիտեմ,շատ հեռու ես` հոգուս այն հեռավոր անկյունում, որտեղ լույսը հավերժ մարել է, իսկ սերը`վաղուց մոռացվել. ինձ չես հիշում: Գուցե: Բայց իմ խենթ սիրտը կրկին թևեր առած գալիս է քեզ մոտ: Չէ, հետ եմ պահում: Գիտեմ, քո սրտի դուռը փակ է հավերժ: Թող չբախվի այդ դռներին: Չեմ ուզում կրկին փշրվել: Հաստատ գիտեմ, որ մոռացել ես, հաստատ գիտեմ, որ իմ սրտում կոշտացած բերկրանք ես դարձել: Բայց այս երեկո էլ ,երբ մենակ մնաս, քո մտքերում էլի ես եմ լինելու: Մշուշոտ պատկերս քեզ նորից հիշեցնելու է իմ գոյության մասին: Հոգուդ մի թաքուն անկյունից մի ձայն անընդհատ քեզ կխանգարի: Կվառես լույսը, կքրքրես թղթերդ ու կհանես մի նկար: Կնայես այդտեղից քեզ ժպտացող դեմքին ու մի պահ կմոռանաս` ինձ, քեզ, շրջապատդ…պատրաստ կլինես շատ բան փոխելու, բայց…
Գիտես , որ ես վախենում եմ քեզանից, վախենում եմ հոգումս կատարվող փոթորկից և նույնիսկ մեղմ անձրևից: Ուզում եմ ասել, որ… Չէ, չեմ ուզում, վախենում եմ  “սեր”  բառից, իմ լեզվից ու մկան պես կրծող իմ մտքերից: Ուզում եմ ջնջել իմ ձեռքով գրած բառերը, բայց չէ, չի ջնջվում, փորձելուց այն ավելի է ընդգծվում: Կանգ առ քամի, ու տար զգացմունքս իմ սրտից: Պոկիր այն աշնան տերևի պես ու խառնիր հողին: Չեմ ուզում սերս նմանվի քամուն ու այդ մրրկահույզ փոթորիկներում մնամ մենակ:
Քամի, սիրո քամի, կանգ առ, ես վախենում եմ սիրուց…
ՄԱՐԻՆԱ  ԿՈՒՐԵՂՅԱՆ

Wednesday, March 3, 2010

Ուշադրություն

Բլոգը հայտարարում է մրցույթ լավագույն ստեղծագործությունների համար:
Մասնակցել կարող են բոլորը:  Նյութերն ուղարկել armavirimarz@yandex.ru  հասցեով



  Հարգանքներով` Ադմինիստրացիա

Ողջույն

Ողջունում ենք ձեզ Արմավիրի մարզի նոր բլոգում: Այս բլոգը կարելի է համարել նաև մարզի մանկապատանեկան բլոգ, քանի որ այստեղ դուք շուտով կգտնեք մեր դպրոցականների ստեղծագործությունները, մտքերը և հոդվածները:
Մաղթում ենք հաճելի տրամադրություն:
Սիրով` Ադմինիստրացիա